Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Գիտությունը` ազգի երջանկության աղբյուր

Գիտությունը` ազգի երջանկության աղբյուր

Գերմանական աշխարհահրչակ Հումբոլտի հիմնադրամի պարբերականը` Humboldt Kosmos-ը, հանդես է եկել բավականին հետաքրքիր հրապարակմամբ: Happiness կոչվող հոդվածում խոսվում է երջանկության հորմոնների առաջացման պատճառների, ինչպես նաև ազգեր երջանիկ/դժբախտ լինելու նախադրյալների մասին:

Հոդվածի հեղինակները գալիս են այն եզրակացության, որ թեև սոված մարդը չի կարող երջանիկ լինել, բայց նյութական ապահովվածության մակարդակը երջանկություն չի ապահովում: Մարդն ունենալով շքեղ առանձնատուն` կարող է տխրել, եթե տեսնի, որ իր հարևանը ավելի սիրուն ու մեծ առանձնատուն է կառուցում: Գնելով նոր մեքենա, ստանալով բարձր վարձատրվող աշխատանք, կամ նույնիսկ, լոտոյով շահելով մեկ միլիոն դոլար, մենք ուրախանում ենք, բայց հետո ընտելանում ենք դրան ու գալիս ենք երջանկության մեր սովորական մակարդակին: Այսինքն, երջանկության աղբյուր է ոչ թէ լավ ապրելը, այլ մի լավ բանի տեղի ունենալը:

Այդ մտքին գալուց հետո հոդվածի հեղինակները գալիս են այլ, ավելի գլոբալ եզրահանգման: Քանի որ ցանկացած մարդու, ընտանիքի կամ ազգի կյանքում նյութականի դրական փոփոխությունները խիստ սահմանափակ են, մարդիկ հիմնականում երջանկանում են ոչ նյութական հաճույքներով` առաջին հերթին կրթությամբ: Կրթության աղբյուրները տարբերվում են նյութականից նրանով, որ համարյա անսահմանափակ են, մարդ կարող է կրթվել, ստանալ նոր գիտելիքներ, հաճույք ստանալ դրանից և կրկին կրթվել ու կրթվել:

Բավականին հետաքրքիր է, երբ փորձում ենք հարցին նայել պետությունների (կամ ազգերի) տեսանկյունից: Երբ դիտում ենք աշխարհի երջանկության քարտեզը ու համեմատում ենք այն աշխարհի երկրների բնակչության գիտության և կրթության ոլորտում զբաղվածության մակարդակի քարտեզի հետ, տեսնում ենք, որ քարտեզները շատ նման են իրար: Աշխարհի այն ազգերը, որտեղ մարդիկ առավելապես զբաղված են գիտությամբ, ավելի երջանիկ են, քան այն (թեկուզ հարուստ) ազգերը, որոնց հիմնական զբաղվածությունը այլ է:

Հոդվածի հեղինակները, վկայակոչելով հոգեբաններին, ասում են, որ մարդու ուղեղում երջանկության համար պատասխանատու կենտրոնը շատ մոտիկ է նոր ինֆորմացիա ու գիտելիքներ ստանալու կենտրոնին: Այսինքն, երբ մարդ նոր գիտելիքներ է ստանում, ակտիվանում է նրա ուղեղի այդ կենտրոնը (դրա շուրջ արյան շրջանառությունը) և, որպես հետևանք, ակտիվանում են նաև դրա հարևան կենտրոնները, այդ թվում` երջանկության համար պատասխանատուն, ու մարդ սկսում է իրեն երջանիկ զգալ:

Այստեղից եզրակացություն. երջանկությունը կրթության մեջ է: Ու տեղին է հիշել Լենինի «Սովորել, սովորել, սովորել» հայտնի արտահայտությունը ու թեև Սովետական Միությունը ուներ բազում բացասական դրսևորումներ, մի բան, անշուշտ դրական էր. ԽՍՀՄ իշխանությունները մեծ ուշադրություն էին դարձնում կրթությանն ու գիտությանը:

Առակս կցուցանե, որ հարգելի Հայաստանի պետական այրեր, ավելացրեք գիտության նկատմամբ ձեր ուշադրությունը և դրա ֆինանսավորումը ու դրանով իսկ մեր ազգին դարձրեք ավելի երջանիկ` բառիս բուն իմաստով:

Հ.Գ. Նշեմ, որ գոյություն ունի միջազգային «Աշխարհի երջանկության մակարդակը բարձրացնելու» նախաձեռնություն, որը նույնպես գտնում է, որ երջանկությունը գիտության մեջ է: Նույնիսկ նրանց վեբ-կայքն է կոչվում «երջանիկ գիտություն»` happy-science.org:

Հեղինակ. Դանիել Իոաննիսյան
Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ